Զախարովա. «Ռուսաստանը սահմանազատման և սահմանագծման փաստաթղթեր է պատրաստել»
Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, «որոնք կարող են Ադրբեջանի և Հայաստանի սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերի քննարկումը կառուցողական դարձնել»:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք համոզված ենք, որ կայուն դեէսկալացիան կարող է ապահովել միմիայն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման եւ հետագա սահմանագծման աշխատանքների անհապաղ մեկնարկը: Մենք պատրաստ ենք աջակցել այս ջանքերին քարտեզագրական տեղեկատվության միջոցով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումը կառուցողական դարձնել: Ներկայում այս թեմայի շուրջ շփումները շարունակվում են արտաքին քաղաքական, պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանային ծառայությունների միջոցով», - նշել է նա:
Զախարովան հույս է հայտնել, որ եռակողմ աշխատանքային խումբը, որը համանախագահում են փոխվարչապետերը եւ որը ստեղծվել է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածության համաձայն, շուտով կվերսկսի հանդիպումները:
«Մեր կարծիքով, դա հնարավորություն կտա անցնել փուլային համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ինչը լիովին համապատասխանում է Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ Հարավային Կովկասի շահերին»,- ասել է Մարիա Զախարովան: