Ադրբեջանական զինուժը Երասխի հատվածում կիրառել է ականանետեր
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Տեղեկությունը հայտնել է ՀՀ պաշտպանությանը նախարարությունը։
«Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։ Իրադրությունը ժամը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը «կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արարատ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը: Նա ուսի մասում վնասվածք է ստացել Երասխի դիրքերում՝ հակառակորդի դիրքերից արձակած կրակոցից: Օղիկյանին տեղափոխում են Երևան, Աստղիկ բժշկական կենտրոն։