ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով դիմել է ժողովրդին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ժողովրդին.
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից: Մեր տղաների հետ հանդիպումից հետո որոշել եմ խրամատից հատուկ տեսաուղերձով դիմել մեր ժողովրդին:
Այն ներկայացնում եմ ստորև` հավատով, որ բոլորդ մեկ մարդու նման կհետևեք կոչիս, և Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրիս անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս փորձությունից»:
Ավելի վաղ ԱՀ նախագահը դիմել էր Հայաստանում գտնվող բոլոր զինապարտ արցախցիներին՝ օր առաջ Արցախ վերադառնալու և իրենց եղբայրներին թև ու թիկունք կանգնելու կոչով:
«Ստեղծված պատերազմական իրավիճակը հուշում է, որ, հաշվի առնելով թշնամու նկրտումները, պետք է պատրաստվենք երկարաժամկետ գործողությունների:
Հանձնարարել եմ Երևանում ձևավորել օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր և կզբաղվի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների սոցիալական խնդիրներով: Հորդորում եմ երիտասարդներին ձևավորել կամավորական խմբեր՝ շտաբի աշխատանքներին աջակցելու համար: Անկախ հանգամանքներից, յուրաքանչյուր արցախցի պետք է իր նկատմամբ զգա կառավարության ամենօրյա ուշադրությունը:
Պաշտպանության բանակը՝ աշխարհազորի հետ միասին, շարունակում է դիմագրավել թշնամու հարձակողական գործողություններին՝ ամեն օր պատճառելով նրան կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Թե՛ մեր բանակը, թե՛ ազգաբնակչությունը շատ լավ պատկերացնում են և՛ այս պատերազմի դժվարությունները, և՛ այն երկարաժամկետ կտրվածքում հաղթահարելու խնդիրները: Առիթից օգտվելով՝ մեկ անգամ ևս դիմում եմ Մայր Հայրենիքում գտնվող բոլոր զինապարտ արցախցիներին՝ օր առաջ Արցախ վերադառնալու և իրենց եղբայրներին թև ու թիկունք կանգնելու կոչով: Բոլորս մեր վարքի և դրսևորած պահվածքի համար պատասխան ենք տալու առաջին հերթին հանրության առջև»: