Էջմիածնի փոխքաղաքապետը կամավորների ջոկատով մեկնեց առաջնագիծ
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է.
«Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը կամավորների ջոկատով մեկնեց առաջնագիծ: Էջմիածին համայնքի կողմից մեր քույր քաղաք Հադրութին նվիրաբերվում է 2012 թվականի արտադրության UAZ HUNTER ամենագնաց, որը ձեռք է բերվել էջմիածնեցի գործարար Մանվել Հովհաննիսյանի միջոցներով: Աստված ձեզ հետ, մեր քաջե՛ր:
Էջմիածնի կամավոր ջոկատի հավաքագրումը շարունակվում է: Եվս մեկ անգամ բոլորին կոչ եմ անում գալ համայնքապետարան և կամավորագրվել, մի քանի օր անցնել զինվորական պատրաստականության դասընթացներ և սպասել հետագա հրահանգներին»:
Ավելի վաղ Դիանա Գասպարյանը հայտարարել էր, որ կամավորագրվում եմ հայրենիքի պաշտպանությանը.
«Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի հետևից,
Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, այս ընթացքում եղել եմ էջմիածնեցի բոլոր քաջ նահատակների հոգեհանգիստներին, կիսել նրանց կանանց, մայրերի ու քույրերի վիշտը և դրանից հետո ամեն անգամ մեղքի զգացումով մտել փափուկ անկողին: Ես տեսել եմ Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած 18 տարեկան զինվորների, և ինքս իմ ուժերի ներածի չափով իմ պարտքն ունեմ նրանց առաջ:
Այժմ ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, կոչ եմ անում էջմիածնեցի տղամարդկանց այս պահից զինվորագրվել, կազմել կամավորական ջոկատ և միանալ Հայրենիքի պաշտպանությանը»:
Նշենք, որ Երևանում, մարզերում, համայնքներում ձևավորվում են կամավորական ջոկատներ՝ առաջնագիծ մեկնելու համար: