«Հայաստանը ձեռնարկելու է բոլոր միջոցները Ադրբեջանին խաղաղության պարտադրելու համար»
ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Ադրբեջանին խաղաղության պարտադրելու և կրակի դադարեցման ռեժիմ հաստատելու համար։
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն այսօր առավոտյան հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական զինադադարը և հոկտեմբերի 18-ին ժամը 07:20-ին հրետանային ակտիվ կրակից հետո բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում են ձեռնարկել հարավային ուղղությամբ:
«Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ: Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝ տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ»,– նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ: