Հայկական ու ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։
«Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ավինյանն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը հաստատել է իր հանձնառությունը գերիների փոխանակման համար «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառման հարցում։
Ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնել էր, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: