«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը՝ ուղիղ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը՝ ուղիղ

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ այս պահին մարտերը շարունակվում են նույն ուղղություններով` հարավային և հյուսիսային։ Համեմատելով նախորդ երկու օրերի հետ` նա նշեց, որ այսօր մարտերն այդչափ համառ և ծանր չեն եղել, թեպետ հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները, որոնք մեր զինծառայողները հետ են մղել։

Հովհաննիսյանն անդրադարձավ այն ապատեղեկատվությանը, որը հակառակորդ երկիրը տարածում է ամենաբարձր ղեկավարների մակարդակով, մասնավորապես` Ադրբեջանի նախագահն իր ընտանիքի անդամների հետ։ Օրինակ` երեկ Ադրբեջանի ղեկավարներն իրար շնորհավորում էին Մատաղիսը գրավելու կապակցությամբ, իսկ այսօր ՀՀ ՊՆ–ն տեսանյութ հրապարակեց, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից փախչում։ Այսօր էլ Ադրբեջանում հերթական ապատեղեկատվությունը տարածվեց Ջաբրայիլի գրավման վերաբերյալ։

«Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք ենթադրելու, որ Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում։ Փաստացի, երկրի գլխավոր գերագույն հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, կամ էլ սխալ են զեկուցում»,– նշեց Հովհաննիսյանը` հավելելով, որ այդ կեղծ ինֆորմացիայից Ալիևը ոգևորվում է և սեփական պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար փորձում է էժանագին լուրեր տարածել, որոնք շատ հեշտ հերքվում են անգամ տեսանյութերով։

«Այսօր Գյանջայի` պատմական Գանձակի օդանավակայանին հասցված հարվածից հետո մենք հասկացանք, թե Ալիևն ինչքան թքած ունի ժողովրդի վրա։ Մեկ շաբաթ է` պատերազմ է, մեկ շաբաթ է` ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, բայց Ալիևը ոչ մի քայլ չի ձեռնարկել բավականին մեծ քաղաքի քաղաքացիական բնակչությունը կազմակերպելու և բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,– նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի ԶՈւ–ն այսօր որևէ նշանակալի մարտավարական գործողություն չեն կարողացել կատարել։ Ավելին, կրելով կորուստներ` հետ են շպրտվել։ Հովհաննիսյանի խոսքով` դա եղել է նաև այն պատճառով, որ թուրքական զինված ուժերի ամենագործուն միջամտությունն այսօր որոշակիորեն չեզոքացվել էր։ Թուրքական օդուժը, մասնավորապես` թուրքական ԱԹՍ–ները չեն կարողացել աշխատել, և դրա համար կորուստն ու փախուստն ավելի շատ են եղել, դրա համար էլ գրավված քաղաքների մասին հորինված լուրեր ենք տեսնում։

Անդրադառնալով Հայաստանի տարածքից Ադրբեջանին հարվածելու մասին հակառակորդի տարածած լուրերին` Հովհաննիսյանը նշեց, որ այդ հորինված հարվածները քողարկում էին Ադրբեջանի գործողությունները, իբրև թե լեգիտիմացնում դրանք, բայց դրանք անպատիժ չեն մնացել և չեն մնա։