ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակն արձագանքել է հայ սպայի որոնման մասին հարցին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ համապասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացնի, երբ ստանա համապատասխան հաստատումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ հաստատում ստանալու դեպքում համապատասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացվեն»,- ասաց Ամատունին:
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից հաստատում ստանալն ընթացակարգային անհրաժեշտություն է, որից հետո միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը կարող է անցնել ընթացակարգով նախատեսված այլ գործողությունների իրականացմանը:
Պաշտոնապես չի հաստատվել հայ սպայի՝ Ադրբեջանում հայտնվելու լուրը, թեև դրա մասին առանց պաշտոնական աղբյուրի հիշատակել են ադրբեջանական լրատվամիջոցները: