ԿԽՄԿ-ի ղեկավարը` Բաքվում պահվող հայ գերիների մասին. «Известия»
Ռազմագերիների հայրենիք վերադարձման հարցում առաջընթաց կա։ «Известия» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փեթեր Մաուրերը։
«Առաջընթաց կա, որոշ գերիներ վերադառնում են հայրենիք։ Բայց դեռ վեճեր են ընթանում որոշ ձերբակալվածների թեմայով, արդյո՞ք նրանք ռազմագերի են համարվում, ինչ կարգավիճակ ունեն և կարո՞ղ են արդյոք վերադառնալ։ Մենք շարունակում ենք զբաղվել այդ հարցերով», – հայտարարել է Մաուրերը։
Ինչ վերաբերվում է Բաքվում պահվող և դիվերսանտ համարվող անձանց, ապա, ԿԽՄԿ–ի նախագահի խոսքով, կազմակերպության աշխատակիցներն անմիջական հասանելիություն ունեն նրանց։
«Ադրբեջանի կառավարությունը ծանուցել է, որ հայկական կողմի հետ կարգավիճակի վերաբերյալ (ձերբակալվածների) տարաձայնություններ են առաջացել։ Բաքուն և Երևանն ինքնուրույն պետք է այդ հարցը կարգավորեն միմյանց միջև», – կարծում է Մաուրերը։
Նրա խոսքով` ԿԽՄԿ–ն կարող է ներկայացնել իր փորձը, խորհուրդ տալ որևէ բան, սակայն կառավարությունները պետք է իրենք որոշեն այդ մարդկանց վերջնական կարգավիճակը։
Պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում են պահվում ձերբակալված անձինք Ադրբեջանում` ԿԽՄԿ–ն ասել է.
«Մենք այցելում ենք` գնահատելու համար մարդկանց պահման պայմանները, սակայն, ինչպես գիտեք, դա կոնֆիդենցիալ գործընթաց է ԿԽՄԿ–ի համար։ Մենք համագործակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների իշխանությունների հետ` մեր նկատողություններն անելու համար։ Դեռ ավելին ասել չեմ կարող», – նշել է նա։
Հիշեցնենք՝ Բաքվի դատարանը դատապարտել է Արցախում գերեվարված ՀՀ քաղաքացի լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Դատարանը հայ գերուն 20 տարվա ազատազրկման է դատապարտել։
Նշենք՝ Բաքվում այլ կեղծ գործերով դատավարություն է ընթանում գերեվարված 27 հայի նկատմամբ։