Լևոն Զուրաբյան. «Փաշինյանական սուտ համար 1. Դե գնահատեք ստախոսին»
Մայիսի 22֊ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե «եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, դա ներառո՞ւմ է Արցախը, թե ոչ, դուք դրանով Արցախը ճանաչե՞լ եք Ադրբեջանի մաս, թե ոչ», պատասխանել է. «Հայաստանի այսօրվա կառավարությունը ինչ ասի-չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Փաշինյանը սուտ է ասում։ Հայաստանի միակ ղեկավարը, որը պաշտոնապես համաձայնել է հակամարտության այնպիսի լուծման, որով Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս, եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը առանց վերապահումների ընդունել է 1998 թվականի «Ընդհանուր պետություն» ծրագիրը։
Հանուն ճշմարտության, սակայն, պետք է արձանագրել, որ այն ծրագիրը, որին համաձայնություն է տվել Ռոբերտ Քոչարյանը, համեմատել անգամ հնարավոր չի Արցախի համար այն կործանարար պլանի հետ, որին համաձայնել է Նիկոլ Փաշինյանը։
Բան այն է, որ «Ընդհանուր պետություն» ծարգրի հիմքում ընկած էր Արցախի՝ «դե յուրե Ադրբեջանի կազմում, դե ֆակտո անկախ» կարգավիճակի սահմանումը։ Այդ ծրագրով Արցախը ունենալու էր սեփական խորհրդարան, որը իրավասու էր լինելու արգելել Ադրբեջանի օրենքների գործածությունը Արցախի տարածքում, Ադրբեջանի ուժային կառույցները իրավունք չէին ունենա մտնել Արցախի տարածք առանց Արցախի համաձայնության, Արցախը կունենար սեփական բանակ, եւ այլն։
Իսկ Փաշինյանը համաձայնել է, որ Արցախի ինտեգրվի Ադրբեջանի ունիտար պետության մեջ, որպես Խանքենդիի եւ Ագդերեի ադրբեջանական շրջաններ, որոնց ամբողջ ղեկավարությանը, ներառյալ դատախազությունը եւ ոստիկանությունը նշանակվելու են Բաքվից։ Նման ընթացքի արդյունքը հայտնի է նախօրոք՝ Արցախի հայ բնակչության էթնիկ զտումը, եթե ոչ ջարդերով արտաքսումը։
Փաշինյանը սարսափում է այն արձագանքից, որին կարժանանա իր խայտառակ որոշումը, երբ բացահայտվեն այս բոլոր մանրամասները։ Հետեւաբար, նա փորձում է հերթական Նիկոլական «կռուտիտով» իր որոշման պատասխանատվությունը դնել Հայաստանի նախկին ղեկավարների վրա, փորձելով համոզել մեր հասարակությանը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են իրենից առաջ եղած ղեկավարները։ Սուտասանը «մոռանում» է մեր հասարակությանը հայտնել մի «փոքր մանրուք»։ Բան այն, որ Ալմա֊աթյան հռչակագիրը Հայաստանը ստորագրել է եւ վավերացրել է 10 վերապահումներով, որոնցից հստակորեն հետեւում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի կողմից չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա՝ խորհրդային Ինքնավար մարզի սահմաններում։
Դե գնահատեք ստախոսին։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան
Շարունակությունը՝ այստեղ: