Շոյգու. Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կտեղակայի խաղաղապահների ևս 8 դիտակետ (տեսանյութ)
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ շաբաթ օրը Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կտեղակայի խաղաղապահների ևս 8 դիտակետ: Տեղեկությունը հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:
«Այսօր մենք ավարտում ենք «Հարավ» պատասխանատվության գոտում դիտակետերի տեղակայումը։ Խաղաղապահների ևս մեկ ստորաբաժանում կտեղակայվի Լեռնային Ղարաբաղի հյուսիսում։ Վաղը նախատեսվում է այդ գոտում ևս ութ դիրք տեղակայել», - ասել է նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացված զեկույցում։
Երեք օրերի ընթացքում արդեն 1103 խաղաղապահ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ։ Նշենք, որ խաղաղապահների թիվը 1960 է լինելու։
«Շարունակում ենք տեխնիկայի և նյութական միջոցների փոխադրումը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից օրական 25 ինքնաթիռով։ Երեք օրվա ընթացքում կատարվել է 73 ավիաթռիչք, 168 միավոր տեխնիկա է տեղափոխվել», - ասել է Շոյգուն։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար բնույթի խնդիրն ամեն օր մեծանում է՝ պայմանավորված փախստականների տեղափոխմամբ և վերադարձով։
Ղարաբաղում արդեն տեղակայված է պաշտպանության նախարարության օպերատիվ խումբը։ Բացի այդ, ուղիղ կապուղիներ են տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների հետ, որոնց հետ շարունակվում է խաղաղապահ առաքելության չափորոշիչների հստակեցման աշխատանքը։