Թելման Պետրոսյան. ՆԱԽԱԳԱՀԸ (մաս 8)
Սկիզբը՝ այստեղ
ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԱՍ VIII. ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐԴԻ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐ
Վազգեն Սարգսյանը, Ռոբերտը, Սերժը, Նիկոլը եւ Դաշնակցությունը, տուրք տալով Հայդատականության սին գաղափարին, այն չարաբաստիկ ուժերն էին, որոնք վերջնականապես եւ անթիվ զոհերի գնով կործանեցին հայկական Արցախը։ Մինչ Առաջին նախագահը հետեւողականորեն ամեն ջանք գործադրեց Արցախյան խնդիրը բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորելու ուղղությամբ, այդ չարաբաստիկ ուժերն էին, որ հետեւողականորեն վիժեցրին նրա բոլոր բանական քայլերը։ Արցախի վերջնական կործանումից հետո նրանցից ոմանք թեեւ կիսատ-պռատ խոստովանեցին իրենց սխալները, բայց ո՞ւմ են պետք կործանումից հետո կատարված խոստովանությունները։ Դրանք ոչ այլ ինչ էին, եթե ոչ հետին թվով իրենց արդարացնելու հուսահատ ճիգեր։
Լեւոն Տեր-Պետրոսյանը հարգված եւ գնահատված հեղինակություն էր ոչ միայն Հայաստանում, այլեւ Խորհրդային Միությունում եւ ողջ աշխարհում։Միութենական Խորհրդարանում ունեցած ընդարձակ ելույթում կատարած նրա առաջարկությամբ կազմավորվեցին Միության Նախագահության եւ Կառավարության խորհուրդները, ինչը զգալիորեն լիցքաթափեց այդ մարմինների ստեղծումից առաջ գոյություն ունեցող լարվածությունը։
Իսկ ԽՍՀՄ Խորհրդարանում արտասանած նրա «Կենտրոնը մեռած է, Կենտրոնը ինքնասպանություն գործեց» հայտարարությունը տարածվեց աշխարհի ամենահեղինակավոր թերթերի առաջին էջերում։
Աշխարհը նույն կերպ արձագանքեց նաեւԼիտվայում ԽՍՀՄ բանակի ծրագրած արյունահեղությունը կանխելու՝ Տեր-Պետրոսյանի հաջողված առաքելությունը, ինչը երախտագիտությամբ ընկալվեց այդ երկրի իշխանության եւ ժողովրդի կողմից։ Այս առումով հարկ եմ համարում մեջբերել Լիտվայի նախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսի ՀՀ Առաջին նախագահին ուղղված նամակից հետեւյալ հատվածը. «Անցյալ տարվա հունվարի հիշարժան-ողբերգական օրերին Դուք եղաք Լիտվայի ազնվաբարո պաշտպանը եւ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատվիրակության գործողությունների վկան ու մասնակիցը» (տե՛ս Գիտնականը եւ Նախագահը. Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ, Երեւան, 2019թ. գրքի էջ 161)։
Առաջին նախագահի վայելած միջազգային հեղինակության վերաբերյալ բավարար է նշել հանրահռչակ Սովետագետ, պատմաբան, ֆրանսիական Ակադեմիայի անդամ, հետագայում՝ նախագահ, Հելեն Կարրեր դ՚Անկոսի հետեւյալ գրառումը. «Լեւոն Տեր-Պետրոսյանը Խորհրդային Միության քայքայումից հետո իշխանության եկած ամենաբացառիկ ղեկավարներից մեկն է» (տե՛ս Գիտնականը եւ Նախագահը. Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ, Երեւան, 2019թ. գրքի էջ 165)։
Քաղաքականից բացի Առաջին նախագահը ըստ արժանվույն գնահատված է նաեւ համաշխարհային գիտական շրջանակներում։ Թե՛ թեկնածուական, եւ թե՛դոկտորական դիսերտացիաները նա պաշտպանել է Սանկտ Պետերբուրգի հանրահռչակ համալսարանում։
Լեւոն Տեր-Պետրոսյանը անդամ է ԽՍՀՄ Արեւելագետների ընկերակցության (1985թ.), Հայաստանի գրողների միության (1988թ.), ֆրանսիական Ասիական ընկերության (1989թ.), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991թ.), պատվավոր դոկտոր (doctor honoris causa) Լա Վեռնի(1990թ.), Ստրասբուրգի (1992թ.), Սոֆիայի (1994թ.) եւ Սորբոնի (1996թ.) համալսարանների։
Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, շուրջ 80 գիտական հոդվածների եւ բազմալեզու մամուլում սփռված քաղաքական բնույթի հազարավոր հրապարակումների (ճառեր, ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ եւ այլն)։
Նրա հեղինակած գրքերը եւ հոդվածներից շատերըբացի հայերենից հրատարակվել են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, ասորերեն, թուրքերեն եւ ճապոներեն լեզուներով։
ՀԱԿ վարչության անդամ
Թելման Պետրոսյան
Շարունակելի


