Վաղարշակ Հարությունյան. Ուղղաթիռ խոցելն ակնհայտ ագրեսիա է թե Հայաստանի, թե Ռուսաստանի վրա
Ադրբեջանի հակաօդային ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում երկրի դաշնակցի՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռ խոցելը ակնհայտ ագրեսիա է և հարձակում է թե Հայաստանի, և թե Ռուսաստանի վրա:
«Արմենպրեսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել վարչապետ Փաշինյանի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:
«Ադրբեջանի Հանրապետությունն ակնհայտ տեսնում էր, որ ուղղաթիռը թռնում է Հայաստանի տարածքով և որ վտանգ չի ներկայացնում: Չնայած այդ հանգամանքին, իրենք օգտագործել են հակաօդային պաշտպանության միջոց և խոցել են ուղղաթիռը»,- ընդգծեց Հարությունյանը:
Մյուս կողմից, նրա խոսքով, խոցվել է ռուսական 102-րդ բազայի ուղղաթիռը, իսկ հարձակումը ուղղաթիռների, օդանավերի վրա համարվում է հարձակում տվյալ պետության՝ Ռուսաստանի վրա:
Վաղարշակ Հարությունյանը անհրաժեշտ է համարում նաև ուսումնասիրել Հայաստանի դաշնակցի ուղղաթիռի վրա հարձակմանը նաև Թուրքիայի անթաքույց մասնակցությունը, քանի որ ուղղաթիռը խոցվել է Նախիջևանից, իսկ այն գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ:
«Ակնհայտ է, որ ուղղաթիռի թռիչքի բնույթը և ուղղությունը չէր կարող ադրբեջանա-թուրքական կողմի համար ընդունվել որպես սպառնալիք և այս առումով որևէ փաստարկ ընդունելի չէ»,- եզրափակել է Հարությունյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ խոսնած Շուշան Ստեփանյանը:
«Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների»: