«  Օգոստոս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. 7 վիրավոր ունենք

Ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. 7 վիրավոր ունենք

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 7 զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետներ և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր»,– ասված է հաղորդագրությունում:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Լրացված.

Ժամը 15:00-ի սահմաններում,շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով զոհվել է ՊԲ մեկ զինծառայող, ևս ութը վիրավորվել են:

Իրավիճակն օգոստոսի 1-ի առավոտվանից է լարվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել էին հատել շփման գիծը։ Հաղորդվել էր նաև զինծառայող Ալբերտ Բախշիյանի վիրավորվելու մասին:

Արցախի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Շուշիի եւ Լաչինի շրջանների հատման կետում, լարվածությունը պահպանվում է, ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝  նշելով, որ խոսքը, մասնավորապես Բերձոր քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածն է։

Հարցին՝ արդյո՞ք լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի այն պահանջով, որ Արցախը Հայաստանին կապող միջանցքի երթեւեկությունը պետք է կազմակերպվի նոր երթուղով, Ստեփանյանը պատասխանեց.

«Միանշանակ այդ պահանջի կատարման համար է այս ամբողջ էսկալացիան։ Այսինքն՝ այս գործելաոճն Ադրբեջանը բազմաթիվ անգամ կիրառել է։ Ցանկացած պահանջ ներկայացնելուց առաջ լարում է իրավիճակը, այսինքն՝ ուղիղ անպարտելի եւ լկտի ձեւով սպառնալիք է գործադրում։ Այդ սպառնալիքի ներքո պարտադրում է հայկական կողմին որոշակի հարցերում գնալ զիջումների։ Վստահ եմ, որ այս էսկալացիայի առաջին նպատակը ճանապարհի փոփոխության հարցը լուծելն է»։