Մեծ Պահք. Արտաքսման կիրակի (տեսանյութ)
Մեծ Պահք. Արտաքսման կիրակի
Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23):
Նախապատմությունը հետևյալն է. մարդն ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով` համտեսեց արգելված պտղից: Որպես պատիժ, մարդն իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց:
Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա և վերջում էլ ասվեց նրան. «...հող էիր և հող կդառնաս» (Ծննդ.3.19):Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին՝ ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք:
Սա ինքնին մարդուն խորհելու ևս մեկ առիթ է սեփական անձին անդրադառնալու, պահոց շրջանն արդյունավետ անցկացնելու համար:
Արտաքսման կիրակիի փոխանցած պատգամներին հաղորդակից դառնալու համար փետրվարի 22-ին Սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Հայաստանյաց Առաքելական բոլոր եկեղեցիներում: Մարդիկ հնարավորություն կունենան խորհրդածելու և ինքնաքննությամբ, ապաշխարհությամբ, ողորմած գործերով ու աղոթքներով քայլելու դեպի Հրաշափառ Հարություն:


