ՌԴ ՊՆ. Մարտակերտում խաղաղ բնակիչը զոհվել է ադրբեջանցիների կրակոցից
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել.
«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում կողմերի շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հեետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ»,- նշված է հաղորդագրության մեջ։ ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ռուսական զորակազմի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի մերձակայքում նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական դիպուկահարի ուղիղ թիրախային հարվածից կրծքավանդակի հատվածում ստացած մահացու վիրավորման հետևանքով տեղում սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ․)։
Արցախի ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ՝ սպանված Արամ Տեփնանցը այգում իր ամենօրյա գործերն անելիս է եղել։
«Արամ Տեփնանցն աշխատում էր իր սեփական տրակտորով, իր սեփական այգում, և ադրբեջանցի զինված ուժերի դիպուկահարը նկատել է այնտեղ ու կրակել այդ ուղղությամբ, որը մահացու հրազենային վիրավորում է ստացել», - հայտնել է խոսնակը։
Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի խոսքերով՝ «տրակտորը վար անելիս կրակել են, Արամը տեղում մահացել է, դիակը հանել են, բերել հիվանդանոց։ Խաղաղապահներն իր մոտ նստած են եղել` տրակտորի մեջ: Կասկածելի բան է եղել, գնացել են խաղաղապահները երևի, որ օգնեն, այդպես է ստացվել»:
Ադրբեջանը այս տեղեկությունից ժամեր անց հերքել է թե՛ Ղարաբաղում խաղաղ բնակչի սպանության, այնպես էլ Հայաստանում Երասխի ուղղությամբ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Խաչատրյանի վիրավորվելու մասին հայկական կողմի հայտարարությունները։