Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցու պատասխանը զրպարտիչներին. հայտարարություն
Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցու պատասխանը զրպարտիչներին. հայտարարություն
Տեղեկացանք, որ «բացառապես ճշմարտությունը խոսող» արմանբաբաջանյաններ ընթերցողի համար մոլորեցնող ու բացահայտ կեղծ տեղեկություններ են հնչեցրել իրենց հարցազրույցներում: Նպատակը Ավստրիայում նախատեսված Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի նախընթաց շրջանում տեղեկատվական բացասական ֆոն ստեղծելն է, ինչպես նաև ամեն գնով հոգեբանական ճնշում գործադրելը ժողովը չեղարկելու համար:
Ավստրիան Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակության կենտրոնն է, որտեղ ՀԱՍԵ-ն պետականորեն ճանաչված 4-րդ ամենահին կրոնական համայնքն է:
ՀԱՍԵ անդամակցում է Ավստրիայում Եկեղեցիների Էկումենիկ խորհրդին, որի գործող նախագահը Հայրապետական պատվիրակ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Տիրան եպս. Պետրոսյանն է, որն արդեն երկրորդ անգամ է ընտրվում հիշյալ պաշտոնում (ի դեպ, 2 շրջան անընդմեջ ոչ մի եկեղեցու ներկայացուցիչ չի ընտրվել այդ պաշտոնում):
Սուրբ Հռիփսիմե առաջնորդանիստ եկեղեցին գտնվում է Վիեննա քաղաքում, որին կից գործում է շուրջ 200 աշակերտ ունեցող Հովհաննես Շիրազ շաբաթօրյա դպրոցը: Ի տարբերություն ՀՀ, Ավստրիայի հանրակրթական դպրոցներում ո՛չ միայն արտոնվում, այլ նաև խրախուսվում է դասավանդել Հայ եկեղեցու պատմություն առարկան (ուսուցիչներն էլ վճարվում են պետության կողմից):
Վիեննայից բացի, Հայ Առաքելական Եկեղեցական համայնքներ կան Ավստրիայի 3 այլ մարզերում:
Վիեննայում է գործում նաև Հայ Կաթողիկէ Մխիթարյան միաբանությունը (ի դեպ, միակ ճիշտ տեղեկատվությունը):
Ինչ վերաբերում է Ավստրիայում գոյություն ունեցող քրեական տարրերի հիշատակմանը, ապա վստահեցնում ենք, որ Ավստրիան, իբրև ժողովրդավարության բաստիոն, օրենքի ողջ խստությամբ կարգի է հրավիրում ոչ միայն քրեածին բոլոր տարրերին, այլ նաև, օրինակ՝ Արման Բաբաջանյանի նման ստախոս և թեմակալ առաջնորդի կնիքը կեղծող խարդախներին, կամ՝ օրինակ Ավստրիայում գործող որևէ հոգևորականին ծիսական տեքստերը «բարեկամաբար» կրճատել հորդորող պետական պաշտոնյաներին, եթե այդպիսիք Ավստրիայում գտնվեին:
Ի հավելումն այս ամենի, ցանկանում ենք իրազեկել մեր հանրությանը, որ Եպիսկոպոսաց ժողովի ողջ ընթացքում ավստրիական Պետական Անվտանգության ծառայությունն ապահովելու է բոլոր մասնակիցների անվտանգությունը հիշյալ ենթադրյալ տարրերից, ինչպես նաև ժողովն ամեն գնով չեղարկել ցանկացող ՀՀ իշխանությունների մունետիկներից:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՒ ՍԿԱՆԴԻՆԱՎԻԱՅԻ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ


