Հակոբ Ավետիքյան. Ընկեր Փաջունին… ի Հայաստան
«...Իսկ ովքե՞ր են դրանք՝ փանջունիները: Ծնյալ հեղափոխականներ՝ որոնց ո՛չ թե կյանքն է դարձնում հեղափոխական, այլ իրե՛նք են կյանքը վերածում հեղափոխության: Եսակենտրոն, անհանդուրժող, արկածախնդիր արարածներ, որոնք խռովություն են սերմանում ամեն բանում, անձնական հարաբերությունների մեջ եւ հասարակական կյանքում:
Կոնֆլիկտներ ստեղծելը նրանց տարերքն է. հենց դրա համար էլ մարդկանց բաժանում են դասակարգերի, տեսակների, յուրայինների եւ հակառակորդների, կռվում եւ կռվեցնում իրար դեմ, ապա մեղքը գցում ուրիշների վրա: Նրանք դեմ են օրենքներին, չեն սիրում կարգուկանոնը, ավանդույթները, ատում են գոյություն ունեցող կառույցները, որքան կայացած ու հին՝ այդքան զզվում են դրանցից:...
Հապա տեսնենք ինչպիսի՞ն է եղել Փանջունին թերահաս, մանկական տարիքում: Օտյանը նկարագրում է առանձին ուշադրությամբ: Մանուկ Փանջունին նստած՝ իր նոր ստացած խաղալիքն է քանդում: «Ծօ, այդ ի՞նչ կընես», հարց են տալիս մարդիկ: Անվրդով պատասխանում է՝ «Կը շինեմ կոր»: Արեւմտահայերեն՝ «շինելը» չունի արեւելահայերեն փոխաբերական ներկա իմաստը: Իսկ արեւելահայերեն՝ Փանջունին շինում է, շինում է երկիրը, պետությունը, ազգը, եկեղեցին, բոլորիս: Շինում է եւ շինվում, Կալլասից, Ուրսուլայից, Թրամփից, անգամ՝ կնիկից ամեն օր ծեծ ուտող Մակրոնից, Իլհամից, Էրդողանից, Թրամփից ու մյուսներից: Շինվում է ու հանձնում, հանձնվում է ու դարձյալ շինվում՝ այս բայի բոլոր իմաստներով:
Նրանք իրեն չեն խանգարում, չեն քննադատում, ընդհակառակն՝ քաջալերում են շինարարության ընթացքը, որը հօգուտ իրենց է նաեւ: Մանավանդ որ, նա ոչինչ չի պահանջում նրանցից, այլ ընդամենը՝ սեփական ժողովրդին զեկուցում կամ հրահանգ է տալիս՝ «Մի քիչ փող ուղարկեք»: Եվ ուղարկում են, առատաձեռնորեն, նույնիսկ սեփական բերանից կտրելով: Քանզի գիտեն, սիրելի Փանջունին է սովորեցրել, որ քաղցը կապ չունի ստամոքսի հետ, այլ՝ սեփական ուղեղի հետ: Ինչպես որ պարտությունը կապ չունի Եռաբլրում ննջող երիտասարդների հետ, այլ՝ սեփական գիտակցության, հոգեկան զգացողության հետ: Որ Շուշիի, ողջ Արցախի հանձնումը կապ չունի գերագույն գլխավոր հրամանատարի հետ, այլ՝ դասալիք, դավաճան գեներալների, գնդապետների, նույնինքն՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ, որոնք, ինչպես մեղադրում են փանջունիականները, չկռվեցին, չդիմադրեցին, չզոհվեցին ռազմի դաշտում եւ նախընտրեցին հյուրընկալվել Ալիեւի բանտախցերում: Թող այդպես էլ մնան այդտեղ, դրանց տե՛ղն է…
* * *
Պարզապես նրան պետք է լավ ճանաչել: Պետք է վերահրատարակել Օտյանի գլուխգործոցը, մի քանի լեզուներով, ու տարածել հատկապես երիտասարդության մեջ՝ «Եթե իրազեկ ես, ուրեմն ապահով ես» սկզբունքով: Մեզ պետք է ապահով Հայաստան»:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Ամբողջական «ԱԶԳ» - ում


