«  Հոկտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Փաշինյանի տարբեր տարիներին գրված տեքստերը Առաջին նախագահի մասին

Փաշինյանի տարբեր տարիներին գրված տեքստերը Առաջին նախագահի մասին

Ստորև բերված տեքստերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Այս գնահատականները հատվածներ են 2008-2011 թվականներին գրված Փաշինյանի հոդվածներից և ելույթներից։

  • «Տեր-Պետրոսյանի ստրատեգիագիական տրիումֆը» կոչվող հոդվածում, Փաշինյանը գրում է, որ «ի դեմս առաջին նախագահի` գործ ունենք պետական-ստրատեգիական մտածողության տեր եւ այդ մտածողությունը իրագործելու ընդունակ բացառիկ գործիչի հետ»։
  • «Ես ինձ համարում եմ Տեր-Պետրոսյանի թիմի անդամ, Տեր-Պետրոսյանի հետևորդ և կարծում եմ, որ ՀԱԿ-ի գործունեության հաջողությունները մեծապես պայմանավորված են այն փաստով, որ այդ կառույցի ղեկավարը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է: Ժամանակակից պատմության մեջ հնարավոր չէ գտնել որևէ այլ դեպք, երբ 2008թ. մարտի 1-ի նման հարված ստացած որևէ քաղաքական ուժ կարողանար ոչ միայն գոյատևել, այլև դառնալ երկրի թիվ մեկ ընդդիմությունը և իշխանության միակ իրական այլընտրանքը: ՀԱԿ-ը դա արեց, և սա իսկապես մեծ հաջողություն է, և կարծում եմ, որ այդ հաջողությունը մեծապես պայմանավորված է Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ թե զուտ անձի, այլ նրա մոտեցումների, ընկալումների, լայնախոհության գործոններով, քաղաքական իրավիճակը և քաղաքական նրբությունները հասկանալու նրա բացառիկ ընդունակությամբ»:
  • «Նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին թալանով զբաղվողները այսօր իշխանության ամենա-ամենա-ամենա վերին օղակներում են, եւ էդ թալանը անարգել շարունակելու անհրաժեշտությունն էր, որ առաջ բերեց 1998 թվականի հեղաշրջումը: Տեր-Պետրոսյանը խոչընդոտ էր այդ թալանի ճանապարհին, եւ հեղաշրջումը պետք է չեզոքացներ այդ խոչընդոտը»:
  • Ղարաբաղի խնդրի տեր-պետրոսյանական լուծման մասին. «90-ականների առաջին կեսերին հայաստանյան իշխանության մեջ ծայր առած առանցքային բացասական երեւույթները պետականության կոնկրետ խնդիրների սպասարկման հարակից էֆեկտներ էին, եւ այդ երեւույթները արմատախիլ անելու տեր-պետրոսյանական վճռականության ցուցադրումը ի վերջո հանգեցրեց 1998 թվականի իշխանափոխությանը: (…) Տեր-Պետրոսյանը նույնպես վճարում էր, բայց նրա վճարածի դիմաց մենք ստանում էինք այն, ինչ չունեինք: Հայաստանը դարձավ ԱՊՀ հիմնադիր անդամ, եւ մենք զենք ունեցանք: Հայ-ռուսական մեծ պայմանագիրը կնքվեց, եւ մենք ունեցանք հաղթանակ ու տեւական զինադադար: Այս կետում է, որ տեղի ունեցավ գաղափարական բեկումը: Տեր-Պետրոսյանը ցանկանում էր հաղթանակի բերած կապիտալը ներդնել (ծախսել) Ղարաբաղի հարցը լուծելու գործում, բայց «պատերազմի կուսակցությունը», որի առանցքային դեմքերից էին Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, որոշեց կենտրոնանալ ստատուս քվոն պահպանելու վրա, համարելով, թե Ղարաբաղի հարցը արդեն լուծված է: (…) Եթե ստատուս քվոն պահպանելու քաղաքականությունը շարունակվի, այսօրվանից պետք է մտածենք այն մասին, թե էլ ինչով ենք այդ ճոխության դիմաց վճարելու: Էներգետիկ համակարգը տվել ենք, երկաթուղին տվել ենք, հեռահաղորդակցությունը տվել ենք, գազաբաշխիչ ցանցը տվել ենք, Իրան-Հայաստան գազամուղը տվել ենք, ռուսական ռազմակայանին տալիս ենք բոլոր հնարավոր եւ անհնար արտոնությունները: Եւ ուրեմն, փիքր անենք` ինչ ենք տալու հաջորդ անգամ: (…)Հայաստանն, ըստ այդմ, ԼՂ հարցի կարգավորման եւ անկախության ամրապնդման իմաստով առնվազն մեկ տասնամյակ է կորցրել: Եւ այս ընթացքը ակնհայտ է դարձնում, որ ամեն հաջորդ պահի ԼՂ հարցի հնարավոր լուծումը ավելի վատն է լինելու, քան նախորդ պահին հնարավորը»:
  • «Որովհետեւ կարծում եմ, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում ժողովուրդը Տեր-Պետրոսյանին վստահության քվե է տվել: եթե ուրիշ ոչինչ չհաշվենք` միայն Հայաստանի անկախացումը, տնտեսական աղետալի ճգնաժամի հաղթահարումը, հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում լիուլի բավարար են, որպեսզի հարյուրամյակների կտրվածքով, պատմական իմաստով Տեր-Պետրոսյանի առաջին իշխանավարությունը դրական գնահատվի: Ես այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամ եմ, եւ անկեղծ ասած` շատ գոհ ու հպարտ եմ դրա համար»:
  • «Լեւոն Տեր-Պետրոսյանը ռեալ քաղաքականության, պրագմատիզմի հետեւորդ է, եւ քաղաքական, պետական հարցերում հիմնվում է այն իրողությունների վրա, որ տվյալ պահին գոյություն ունեն»։
  • «…Սրանով է բացառիկ Հայաստանի հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. նրա գործունեությունը մշտապես ուղղված է եղել ոչ այնքան տվյալ պահին ստեղծված իրավիճակը, այլ հայ ժողովրդի պատմության ընթացքը փոխելուն»։
  • «Հիմնադիր-նախագահի գործունեության առանձնահատկությունն այն է, որ նա որեւէ կերպ չի շեղվում եւ իրեն թույլ չի տալիս գոնե մեկ ակնթարթով հայացքը կտրել թիրախից»։
  • «էլ ով, եթե ոչ երկրի հիմնադիր-նախագահը պետք է լինի քաղաքական գործունեության էտալոն»։
  • «…Բայց որ այդ հատկությունը կարող է նույնպիսի ուժգնությամբ առկա լինել երկրի հիմնադիր-նախագահի կոչումը կրող քաղաքական գործչի մոտ, ում քաղաքական կենսագրությանը կարելի է միայն նախանձել, սա արդեն մի փաստ է, որ միայն պատկառանքի տեղիք է տալիս»։
  • «Մենք երբեմն մոռանում ենք, որ հանրապետության հիմնադիր-նախագահը ոչ միայն խոշոր պետական եւ քաղաքական գործիչ է, այլեւ միջազգային ճանաչում ունեցող գիտնական, գիտությունների դոկտոր»։
  • « Ղարաբաղը հակամարտության լիարժեք կողմի կարգավիճակ ստացել էր 1994 թվականին` նախագահ Տեր-Պետրոսյանի վարած փայլուն արտաքին քաղաքականության շնորհիվ»:
  • Հատված 2009 թ.-ին ծննդյան տարեդրարձի առթիով Տեր-Պետրոսյանին ուղղված Փաշինյանի շնորհավորանքից .«Ընթացիկ քաղաքական շրջափուլը դիտարկում եմ Ձեր պատմական առաքելության համատեքստում։ Ձեր ղեկավարությամբ հայ ժողովուրդը ձեռք բերեց իր համար այնքան բաղձալի անկախություն, Ձեր ղեկավարությամբ ձեռք բերեց բացառիկ ռազմական հաղթանակներ։ Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանում վերջնականորեն ձեւավորվելու է նաեւ քաղաքացիական հասարակություն, եւ սահմանադրական կարգի վերականգնումը դառնալու է անշրջելի»։
  • «Այսպիսով, հոկտեմբերի 17-ից դեկտեմբերի 17-ի ժամանակահատվածը կարելի է բնութագրել որպես Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստրատեգիական տրիումֆի ժամանակաշրջան։ Մի ժամանակաշրջան, որ ապացուցեց, որ ի դեմս առաջին նախագահի` գործ ունենք պետական-ստրատեգիական մտածողության տեր եւ այդ մտածողությունը իրագործելու ընդունակ բացառիկ գործիչի հետ»։
  • «Ես ուզում եմ որ մենք բոլորս մի բան արձանագրենք. Տեր-Պետրոսյանը հզոր քաղաքական գործիչ է»։
  • «Մեր առաջնորդը, այն մարդը, որ բոլորիս վերստին հույս ներշնչեց, որ Հայաստանը լինելու է ազատ եւ արժանապատիվ երկիր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ունենալով մեր կատարյալ եւ անվերապահ վստահությունը, իր վերջին ելույթում որոշ մարտավարական սրբագրումներ մտցրեց պայքարի մեջ, եւ այդ որոշումը մենք ընդունում ենք ի գիտություն` հիմք ընդունելով ոչ միայն առաջին նախագահի անվերապահ հեղինակությունը, այլեւ նրա փաստարկների համոզչականությունը»։
  • «Երկրորդ դասագրքային օրինակը, որ հակադիր է առաջինին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է։ Վերջին տասը տարիներին քաղաքական ամենավերջին բոմժերն անգամ նրա հասցեին ինչ ասես ասել են։ Եւ ինչպիսի՞ն է եղել նրա արձագանքը. լռություն, արժանապատիվ լռություն։ Բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում հասկանալ Տեր-Պետրոսյանի` 2008-ի տրիումֆի ֆենոմենը, այլոց շարքում պետք է ուշադրություն դարձնեն նաեւ խնդրի այս կողմի վրա. հանրությունը գնահատեց նաեւ Տեր-Պետրոսյանի հանդուրժողականությունը իր հասցեին հնչող հիշոցների նկատմամբ եւ դրանց հումորով վերաբերվելու ընդունակությունը»։
  • «Գուցե առաջին նախագահի ոճը անսովոր է Հայաստանում ընդունված ընդդիմադիր ռիտորիկայի համար, բայց վաղուց պետք է արձանագրած լինեինք, որ քաղաքական պրոցեսի մեջ է մտել մի մարդ, որը շատ ավելի նուրբ կոմբինացիաների սիրահար է։ Եւ ընդհանրապես, մենք երբեմն մոռանում ենք, որ գործ ունենք մի մարդու հետ, որը ոչ միայն ընդդիմության առաջնորդ է, այլեւ պետության հիմնադիր եւ հաղթանակած բանակի Գերագույն գլխավոր հրամանատար։ Սա նշանակում է, որ նրա խնդիրը չի կարող լինել միայն ընդդիմության հաղթանակը. նրա խնդիրը կարող է լինել Հայաստանի հաղթանակը, նաեւ Ղարաբաղի հաղթանակը»։
  • «Բայց ահա այդ երիտասարդությունը տեսավ մի բոլորովին ուրիշ մարդու` բարձր ինտելեկտուալ, անզուգական հռետոր, պայքարի աննահանջ մարտիկ, սիրված պապիկ, հոյակապ ասմունքող, մարդ որ լինելով երկրի հիմնադիր նախագահ չի խորշում պար բռնել սեփական ժողովրդի աչքի առաջ, չի խորշում անգամ, ինչպես ինքն է ասում` «ջագի-ջուգի» պարել երիտասարդությանը զվարճացնելու համար: Եւ ի վերջո մարդ, ով գիշերում է Ազատության հրապարակում, առավոտը դիմավորում է իր կողքին կանգնած մարդկանց հետ քոչարի պարելով: Եւ ահա երիտասարդությունը, որ այլեւս ոչ մի լավ բան չի սպասում հայրենի քաղաքական գործիչներից, տեսնում է իր երկրի հիմնադիր նախագահին բոլորովին նոր կերպարով, որպես ապրող, կենդանի մարդ, որպես մեծ առաջնորդ, որպես պայքարի ընկեր: Եւ նա սկսում է հավատալ իր ապագային, նա սկսում է հավատալ ինքն իրեն, նա սկսում է հավատալ Սահմանադրությանը, ըստ որի ինքն է երկրի բարձրագույն իշխանությունը: Եւ ի դեպ. երբ առաջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հիշեցրեց «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսը, շատերը դա համարեցին ավելորդ ու հնացած: Բայց հիմա այդ կարգախոսը ամենասիրելին է»:

henaran.am

  • «Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահին արեւմտամետ կամ ռուսամետ որակելու բոլոր փորձերին, դրանք, անշուշտ, ծիծաղելի են։ 1990 թվականին իշխանության գալով` Տեր-Պետրոսյանը Հարավային Կովկասի միակ ղեկավարն էր, որ ի սկզբանե արձանագրեց եւ հասկացավ հակառուսական քաղաքականություն վարելը զուրկ է որեւէ իմաստից եւ նպատակից։ Արդյունքում՝ հակառուսական դիրքորոշումներ ունեցող Վրաստանն ու Ադրբեջանը տուժեցին, իսկ Ռուսաստանի նկատմամբ բարեկամական տրամադրված Հայաստանը շահեց։ Ընդ որում, այդ ընթացքում ոչ ոք Հայաստանը ռուսական ֆորպոստ չէր համարում։ Ընդհակառակը, հայկական պետականությանը մեծագույն հարգանքով էին վերաբերվում հենց Ռուսաստանում։ Նաեւ ԱՄՆ-ում եւ Եւրոպայում»։«

Հայկական ժամանակ» օրաթերթ, 03.09.2008թ.։

«Իշխանական բայղուշները ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս «խիստ հավաստի» բայղուշագրություններով, թե ահա՝ հաստատ, «հարիր տոկոսով»՝ ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակտիվ քաղաքականությունից հեռանալու որոշում է կայացրել։ Նման կանխատեսումներ հնչել են 2008թ. մարտի 1-ից անմիջապես հետո, 2008-ի ամռանը, 2008-ի աշնանը, 2009-ի ձմռանը, 2009-ի ամռանը եւ ահա՝ 2009-ի աշնանը։ Կանխատեսումների ինտենսիվությունը, ահա, գալիս է վկայելու, որ սա իշխանությանը ամենաշատ հուզող թեմաներից մեկն է։ Սերժ Սարգսյանը, անշուշտ, ՀՀ առաջին նախագահի ստվերից անգամ հոգեխանգարմունքի մեջ է ընկնում։ Հասկանալի է, որ շատ ավելի դաժան է գիտակցելը, որ Տեր-Պետրոսյանը միասնական ընդդիմության առաջնորդ է, դիտարկվում է որպես գործող իշխանության իրական այլընտրանք, եւ այս ընկալումը գերակա է ոչ միայն Հայաստանի ներսում, այլեւ միջազգային հանրության շրջանում։ Այս է պատճառը, որ չնայած Հայաստանի ԱԳ նախարարության տիտանական ջանքերին՝ միջազգային պատվիրակությունների գերակշռող մասը հայաստանյան այցելությունների օրակարգում պարտադիր կետ է ներառում՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին։ Սրանով, սակայն, ՀՀ առաջին նախագահի՝ իշխանություններին պատճառած «հոգեխանգարմունքը» չի սահմանափակվում։ Վերջին տասը տարիների ընթացքում իշխանություններն ընդդիմությանը ամենաանհավանական մանիպուլյացիաների են ենթարկել, եւ դա եղել է ավազակապետության գոյատեւման հիմնական գաղտնիքներից մեկը։ Հայ ազգային կոնգրեսի ձեւավորումից ի վեր՝ իշխանությունը այս ոլորտում անհաղթահարելի դժվարությունների է հանդիպել, եւ բոլոր նախանշանները կան պնդելու, որ հայտնվել է տեղապտույտի վիճակում։ Եւ սա, աներկբա, քաղաքական դաշտում Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվ ներկայության արդյունքն է։ Կարճ ասած՝ իշխանությունը բոլոր հիմքերն ունի ոչ թե ցանկանալու, այլ երազելու Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռացումը ակտիվ քաղաքական գործունեությունից։ Եւ ահա, այս կենսական երազանքը իշխանական բայղուշները ժամանակ առ ժամանակ ներկայացնում են որպես հավաստի իրողություն։ Զարմանալին այն է, սակայն, որ նույնիսկ ընդդիմադիր դաշտում գտնվում են մարդիկ, ովքեր կուլ են տալիս այս խայծը։ Մինչդեռ Տեր-Պետրոսյանի ելույթներին հետեւած ամեն մարդ միայն կխնդա վերը հիշատակված բայղուշությունների առիթով։ ՀՀ առաջին նախագահը մի քանի ելույթներում հստակ արձանագրել է, որ տեսանելի ապագայում չի պատրաստվում հեռանալ ակտիվ քաղաքականությունից։ Իհարկե, խոսքի իր ոճին ու արվեստին հավատարիմ՝ նա մի փոքր քողարկված է այդ մասին խոսել, բայց ուղիղ խոսքը, ինչպես հայտնի է, երբեմն արժեզրկում է ասելիքը։ Եւ ուրեմն՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետագա քաղաքական ծրագրերը հասկանալու համար պետք է ուշադրություն դարձնել հունիսին տեղի ունեցած հանրահավաքներից մեկում նրա ունեցած այն ելույթին, որտեղ հիշատակվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի օրինակը, որը սոցիալիստական շարժման ալիքի վրա քաղաքական գործունեություն սկսելով՝ մի քանի անգամ անընդմեջ պարտվեց նախագահական ընտրություններում, բայց ի վերջո երկու ժամկետով անընդմեջ (14 տարի) նախագահեց Ֆրանսիայում։ Տեր-Պետրոսյանը պատահական խոսքեր չի ասում, եւ նրա այդ հիշեցումը ընդամենը մի բան է նշանակում. ինքն ակտիվ քաղաքականությունից չի հեռանալու, քանի դեռ ակտիվ քաղաքականությունից չի հեռացրել Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Իհարկե, հեռացման նրա մեթոդաբանությունը կարող է շատերին դուր չգալ։ Բայց մեր դժգոհ համախոհներին ուզում եմ մի բան ասել. առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։

«Հայկական ժամանակ» օրաթերթ, 07.11.2009թ.։

  • «Լեւոն Տեր-Պետրոսյանը ռեալ քաղաքականության, պրագմատիզմի հետեւորդ է, եւ քաղաքական, պետական հարցերում հիմնվում է այն իրողությունների վրա, որ տվյալ պահին գոյություն ունեն։ Ոչ թե այն իրողությունների վրա, որ մենք ուզում ենք, որ գոյություն ունենան, կամ էլ՝ տեսականորեն, ենթադրաբար կարող են գոյություն ունենալ, այլ գոյություն ունեն այսօր, այս պահին՝ ժամանակակից բառապաշարով ասած՝ ռեալ ժամանակի մեջ։ Ելնելով այսօր գոյություն ունեցող իրողություններից՝ առաջին նախագահը, թե՛ պաշտոնավարման տարիներին եւ թե՛ այսօր, հիմնվում է այն փաստի վրա, որ մենք նորանկախ, դեռեւս թույլ ու շատ խոցելի պետություն ենք, պետություն, որի գոյությունը որեւէ կերպ երաշխավորված համարել չի կարելի՝ երկարաժամկետ կտրվածքով։ Ըստ այդմ, անգամ որոշակի հաջողությունների դեպքում մենք չպետք է չափից ավելի ոգեւորվենք եւ մեր մտապատկերում պետք է պահենք ոչ թե այն, ինչ կարող ենք ունենալ, այլ այն, ինչ արդեն ունենք։ Ավելին ունենալու մղումը հաճախ հանգեցնում է եղածը կորցնելու տխուր իրականությանը, եթե այդ մղումը հիմնված չէ իրատեսական հաշվարկի վրա»։

«Հայկական ժամանակ» օրաթերթ, 17.11.2009թ.։