«  Սեպտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика


Փիրուզա Մելիքսեթյան. Սադամի սև վերարկուն և բիշքեկյան՝ մինչև ականջները ձգվող ժպիտը

Փիրուզա Մելիքսեթյան. Սադամի սև վերարկուն և բիշքեկյան՝ մինչև ականջները ձգվող ժպիտը

Սադամի սև վերարկուն և բիշքեկյան՝ մինչև ականջները ձգվող ժպիտը
(կամ՝ երբ ատելության «թմրանյութը» քողարկում է պետականության կորուստը)

2026 թվականի սեպտեմբերի 1-ը իրարամերժ ընկալումների և տարօրինակ, ծանր զգացողությունների օր էր։

Մի կողմից՝ Գագիկ Խաչատրյանի սահմռկեցուցիչ ճչացող իրականությունը, մյուս կողմից՝ Բիշքեկում Փաշինյանի՝ թուրքերին անհույս սիրահարվածի հայացքն ու մինչև ականջները ձգվող, անպարագիծ երջանկությունը։ 

Այս տհաճ ֆոնին ակամա մտաբերեցի 2006-ի դեկտեմբերի 30-ին համաշխարհային լրատվամիջոցները ողողած կադրերը՝ Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի մահապատժից, և հատկապես նրա սև վերարկուն։

20 տարի առաջ Իրաքում անսովոր ցուրտ էր։ Երբ դահիճները հարցրել են տիրակալի վերջին ցանկության մասին, նա խնդրել է իր սև վերարկուն՝ ասելով․
«Բաղդադում այսօր շատ ցուրտ է։ Ես չեմ ուզում, որ մարմինս ցրտից դողա, և իմ ժողովուրդը կամ թշնամիներս կարծեն, թե իրենց առաջնորդը դողում է մահվան վախից»։

Նա հրաժարվեց նաև գլխին սև պարկ քաշելուց՝ նախընտրելով ուղիղ նայել մահվան աչքերին։ Դեմքը ծածկելն ու թուլություն ցույց տալը նրա համար ամոթ էր․ նա ուզում էր, որ թե՛ կողմնակիցները, թե՛ թշնամիները տեսնեն անկոտրում կամք։

Ինչպիսի՜ հակադրություն․ մի կողմում պետության ղեկավարն է, որը նույնիսկ մահվան շեմին սարսափում է թշնամու առջև վախկոտ երևալու մտքից, իսկ մյուս կողմում՝ սեփական ժողովրդի ցավի ու պետական շահի հաշվին թշնամուն քծնող, նրա հայացքին կարոտ և սեփական տագնապները շինծու խնդումով քողարկող կերպարը։ 

Օրվա անցուդարձը մեկնաբանող սոցցանցային գրառումներն ու դրանց հաջորդած վայրագ արձագանքների տղմոտ հեղեղը տեղ-տեղ հիշեցնում էր Վան Գոգի «Կարտոֆիլ ուտողները» կտավից պոկված մութ ու խեղված պատառիկներ, միջնադարյան ինկվիզիցիայի խարույկների մոխիրն ու անտիկ աշխարհի կոլիզեումներում արյան ծարավ հանդիսականի՝ փրփրակալած բերաններից ժայթքող ոռնոց-բառաչանքները։

Մատուցված «դժգույն ու թշվառ» խճանկարը, համադրվելով Գագիկ Խաչատրյանի ձերբակալության ցուցադրական, հոգեմաշ տեսարաններին, կրկին վերակենդանացրեց 2026-ի հունիսի 7-ի ընտրություններից հետո «օդից կախված» այն մութ լուրերը, թե «Փաշինյանը դիմել էր Միշուստինի ընկերոջը՝ Գագիկ Խաչատրյանին, որ վերջինս ՌԴ վարչապետի անմիջական միջնորդությամբ գլուխ բերի իր ճակատագրական հանդիպումը Պուտինի հետ»։

Քաղաքական կոնտեքստում առաջին հայացքից անհավանական թվացող այս պնդումը, ըստ էության, դասվում է դավադրապաշտական վարկածների շարքին։ Թեև այն խարսխված է իրականում գոյություն ունեցող մեկ փաստի վրա, դրա շուրջ հյուսված պատճառահետևանքային շղթան չի դիմանում տրամաբանական որևէ քննության։

Պետական բարձրագույն մակարդակի հանդիպումների կազմակերպումն ունի հստակ դիվանագիտական խողովակներ, և քրեական հետապնդման ենթարկվող նախկին պաշտոնյային «միջնորդ» կարգելն արդեն իսկ կլիներ գործող իշխանության քաղաքական բոբիկության ու դիվանագիտական տկարության բացահայտ խոստովանությունը։

Սակայն ո՞րն էր Միշուստին-Խաչատրյան կապի իրական հիմքը, և ինչու՞ է այն մինչ օրս հետապնդում հայաստանյան քաղաքական միտքը։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ժամանակին «սուպերնախարար» հորջորջված Գագիկ Խաչատրյանն իսկապես ունեցել են սերտ գործընկերային, իսկ ըստ որոշ տեղեկությունների՝ նաև ջերմ, անձնական հարաբերություններ։

Այդ կապի արմատները ձգվում են դեռևս այն տարիներից, երբ Միշուստինը մի ամբողջ տասնամյակ (2010–2020 թթ․) ղեկավարում էր ՌԴ Դաշնային հարկային ծառայությունը, իսկ Խաչատրյանը հայաստանյան հարկային և մաքսային համակարգի անվերապահ տիրակալն էր։

Այս հարաբերությունները վաղուց էին դուրս եկել պաշտոնական պրոտոկոլի սահմաններից։ ԵԱՏՄ շրջանակներում հարկային ու մաքսային համակարգերի ինտեգրման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հարցերում Մոսկվան ու Երևանը համագործակցում էին սերտորեն, ինչն էլ հաճախակի, այդ թվում՝ ոչ պաշտոնական ու կոուլիսային հանդիպումների պարարտ հող էր ստեղծում։ 

Հենց այս մտերմությամբ էլ պայմանավորված էր թեզը, որը ժամանակին ակտիվորեն շրջանառվում էր լրատվական դաշտում ու քաղաքական կուլիսներում։

Ըստ այդ տեղեկությունների՝ երբ 2020 թվականին Միշուստինը նշանակվեց ՌԴ վարչապետ, իսկ Խաչատրյանն արդեն հայտնվել էր հայաստանյան բանտում, ռուսական կողմից տարբեր խողովակներով՝ այդ թվում Միշուստինի անձնական հեղինակության գործադրմամբ, հայկական իշխանություններին թափանցիկ ակնարկներ էին արվում՝ Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Ինչը, ի վերջո, իրականություն դարձավ՝ գրավի և առողջական ծանր խնդիրների հիմնավորմամբ։

Այսպիսով, Միշուստին-Խաչատրյան անցյալի կապը ոչ թե քաղաքական հորինվածք է, այլ կոնկրետ, փաստագրված կենսագրական իրողություն։

Սակայն այսօր, երբ Խաչատրյանն անմարդկային պայմաններում կրկին հայտնվել է ուժայինների թիրախում, իսկ սեպտեմբերի 1-ին Փաշինյանը Բիշքեկում բանակցում էր անձամբ Պուտինի հետ, այդ հին պատմությունը միտումնավոր վերակենդանացվում է։ 

Իսկ նպատակն ամենևին էլ ճշմարտությունը բացահայտելը չէ, այլ պարզունակ «քաղաքագիտական» մանիպուլյացիաներով ու ներքաղաքական շահարկումներով բուն իրականությունը քողարկելը։ 

Փաստենք՝ տեղի ունեցողը վաղուց դուրս է սովորական քրեական հետապնդման սահմաններից․ մենք ականատեսն ենք ցուցադրական վրեժխնդրության և հանրային ատելության վրա հենված քաղաքականության հերթական արարի, որտեղ հին լեգենդներն օգտագործվում են որպես բարոյական ու իրավական անկումը քողարկող ծխածածկույթ։

Այնուամենայնիվ, ինչու՞ հենց Պուտինի հետ հանդիպման ֆոնին Փաշինյանը որոշեց «ջրել» Միշուստինին առնչվող հին հիշողությունները՝ ցուցադրաբար ու դաժանաբար ձերբակալելով Խաչատրյանին։

Հարցի պատասխանը թաքնված է իշխանական մեդիամանիպուլյացիաների և PR հաշվարկների նուրբ սահմանագծում։ Հենց սեպտեմբերի 1-ին ցավից գոռացող Գագիկ Խաչատրյանին պատգարակով, դիմակավորված ուժայինների ուղեկցությամբ դատարան տեղափոխելու հանրային «շոուն» հետապնդում էր մի քանի հստակ, հաշվենկատ նպատակ։

Քաղաքական վերլուծաբաններն ու իրադարձությունների ընթացքին հետևողները նմանօրինակ կտրուկ քայլերի հետևում տեսնում են երեք հիմնական դրդապատճառ․

Առաջինը դիվանագիտական «իմունիտետի» կոտրումն էր և Մոսկվային ուղղված յուրօրինակ կոդ-գաղտնագիրը։

Այն պահից սկսած, երբ մամուլում լուրեր տարածվեցին, թե ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանակին հետաքրքրվել է Խաչատրյանի ճակատագրով, վերջինիս անձը ներքաղաքական ընկալումներում ձեռք էր բերել որոշակի «մոսկովյան թիկունքի» կամ անձեռնմխելիության պատրանք։ Եվ հենց այն պահին, երբ Բիշքեկում ընթանում էին Փաշինյան-Պուտին բարդ բանակցությունները, Երևանում Խաչատրյանի ցուցադրական ձերբակալությունը հստակ ազդակ էր․  «Մոսկվայի հետ անձնական կապերն ու անցյալի ծանոթությունները այլևս չեն կարող վահան ծառայել Հայաստանի ներսում»։ 

Իշխանությունը ցույց է տալիս, որ պատրաստ է գնալ կտրուկ քայլերի՝ անտեսելով ռուսական վերնախավում ունեցած ցանկացած հնարավոր անձնական կապ։

Երկրորդը տեղեկատվական հակակշիռ ստեղծելն ու օրակարգի բռնի «կլանումն» էր։

Սեպտեմբերի 1-ի հայաստանյան մեդիադաշտը պետք է ողողված լիներ բացառապես ռուս-հայկական հարաբերությունների լարվածության, ինտեգրացիոն խնդիրների և Բիշքեկի հանդիպման դրամատիկ պատկերներով։ Որպեսզի հանրային քննարկումները չկենտրոնանան արտաքին քաղաքական հնարավոր զիջումների կամ բարդությունների վրա, իշխանությունը տեղեկատվական դաշտ նետեց մի թեմա, որը երաշխավորված կերպով «կլանում» է հանրության ողջ ուշադրությունը։ «Նախկինների թալանի» թեման հայաստանյան էլեկտորատի որոշակի հատվածի համար միշտ ունի առաջնային, էմոցիոնալ-վրեժխնդրական նշանակություն։

Երրորդը՝ իրավական նոր հենքի ստեղծումն էր՝ հին խոսակցությունները վերջնականապես «ջրելու» համար։

Իրավական տեսանկյունից Գլխավոր դատախազությունը հենց օգոստոսի 29-ին էր լրացրել մեղադրանքն ու նոր հանրային քրեական հետապնդում հարուցել Խաչատրյանի նկատմամբ (այս անգամ՝ Հյուսիսային պողոտայում և Կենտրոնում բազմաթիվ ապօրինի գույքեր ձեռք բերելու ու կաշառք ստանալու նոր դրվագներով)։

Այս նոր մեղադրանքը իշխանությանը հնարավորություն տվեց գործընթացը ներկայացնել ոչ թե որպես հին հաշվեհարդար կամ քաղաքական սակարկություն, այլ որպես բացարձակապես նոր իրավական իրողություն։ Դրանով իսկ հանրության աչքում «ջրվում են» կուլիսային բոլոր այն վարկածները, թե իբր Խաչատրյանը կարող էր որևէ միջնորդական դեր ունենալ։ Չէ՞ որ պատգարակով դատարան տեղափոխվող և ֆիզիկական տառապանքներից ճչացող մարդը չի՛ կարող լինել քաղաքական բարձր գործարքների միջնորդ։

Սեպտեմբերի 1-ի «շոկ-շոուն» քաղաքական տեխնոլոգիաների դասական օրինակ էր, որտեղ իրավական գործընթացի ժամկետները հմտորեն հարմարեցվել էին արտաքին քաղաքական կարևորագույն իրադարձությանը՝ մեկ ցուցադրական հարվածով լուծելով թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական մի քանի խնդիր։

Հակամարդկային ու անբարո այս շոուի համատեքստում անհնար է չանդրադառնալ իսկապես ողբերգական ու ցավալի մի շտրիխի ևս․ ընտրություններից հետո, երբ հանրային էմոցիաները դեռևս գերլարված էին, Գագիկ Խաչատրյանի ցուցադրական ձերբակալությունն ու պատգարակով տեղափոխման կադրերը սոցիալական հարթակներում առաջացրին տեղեկատվական էքստազ, ավելի ճիշտ՝ «առնետային խրախճանք»։

Այս ֆենոմենը բյուրեղացնում ու մերկացնում է հայաստանյան հասարակության ներկա հոգեբանական ու բարոյաքաղաքական ճգնաժամի ամենախորքային, աղետալի շերտերը։

Սոցցանցերի արձագանքն ու հանրային վարքագիծը կարելի է բաժանել մի քանի հստակ ու վտանգավոր միտումների։

Առաջինը՝ «արյան և տեսարանների» հանրային պահանջարկն է։

Երբ պետությունը կանգնած է արտաքին-գոյաբանական լրջագույն մարտահրավերների առաջ, իսկ սոցիալ-տնտեսական վիճակը մնում է ծանր, հանրության որոշակի հատվածի մոտ կուտակված ագրեսիան պահանջում է անմիջական պարպում։ Տարիներ շարունակ որպես «կոռուպցիայի ու օլիգարխիայի սիմվոլ» պիտակավորված նախկին պաշտոնյայի ֆիզիկական տառապանքն ու անօգնականությունը սոցցանցերում մատուցվում են որպես «արդարադատության հաղթանակի» կեղծ պատրանք։

Ասել է՝ դասական մեդիամանիպուլյացիա, որտեղ իրական հացին փոխարինելու է գալիս ամբոխահաճո ու դաժան տեսարանը։

Երկրորդը՝ քաղաքականապես ուղղորդված ֆեյք-գրոհներն են։

Լրահոսում արձանագրվող «հանրային ցնծությունը» մեծապես սնվում, գեներացվում և ուղղորդվում է իշխանական մեդիառեսուրսների ու «ֆեյքերի ֆաբրիկաների» կողմից։ Նրանց առաջնային խնդիրն է ստեղծել կառավարելի էյֆորիայի ու ատելության աղմուկ, որպեսզի վերջնականապես խլացնեն ցանկացած ռացիոնալ ձայն, որը փորձում է տալ ամենակարևոր հարցը․ 
«Իսկ ի՞նչ է կատարվում հենց այս պահին Բիշքեկում՝ Փաշինյան-Պուտին բանակցություններում»։
«Նախկինների թալանի» թեման հերթական անգամ դառնում է հրապուրիչ խայծ՝ ներկայի արտաքին քաղաքական ձախողումներն ու սպառնացող վտանգները քողարկելու համար։

Երրորդը՝ հասարակության բարոյահոգեբանական խորագույն անկումն է։

Անօգնական, ֆիզիկական տառապանքի մեջ գտնվող մարդու ու պատգարակի տեսարանների շուրջ ծավալված «առնետային խրախճանքը» վկայում է հանրային դիսկուրսի բարոյական սահմանների լիակատար ջնջման մասին։

Այս պատկերն ակամա հիշեցնում է «Գլադիատոր» ֆիլմի հայտնի տեսարանը, որտեղ Ռասել Քրոուի հերոսի՝ Մաքսիմուսի տանջանքներին հետևող ամբոխը, կայսեր հմուտ մանիպուլյացիաներով, մոռացել էր սեփական անիմաստ կյանքն ու աղետալի իրականությունը՝ պահանջելով միայն արյուն և տեսարաններ։

Իրավական գործընթացն ու քաղաքական վրեժխնդրությունը մեզանում նույնպես վերածվել են բեմականացված գլադիատորական մարտերի, որտեղ ամբոխը բութ բավարարվածություն է ստանում պարտված ու տանջվող հակառակորդի հանրային նվաստացումից։

Այս ողբերգական իրականության շուրջ առավոտյան զրուցում էինք արձակագիր Լևոն Ջավախյանի հետ։ Նրա հարցադրումը ճակատային էր, դաժանորեն անկեղծ ու խորապես մտահոգ․

«Արդյոք անդառնալիորեն դատապարտված չէ՞ իր դահճին՝ տվյալ պարագայում Փաշինյանին սիրահարված այն հասարակությունը, որն ութ տարուց ավելի «նախկիննե՛ր-նախկիննե՛ր» զառանցանքի մեջ կորած՝ չի նկատում ահռելի, անդառնալի կորուստները՝ թե՛ տարածքային, թե՛ մարդկային։ Չի՛ նկատում սրանց միլիոնավոր պարգևավճարները, երբ թոշակառուն ողորմելիորեն գոյատևման կռիվ է տալիս, չի՛ նկատում աստղաբաշխական չափերի հասնող պետական պարտքն ու իր դեմ ծառացած գոյաբանական աղետը, բայց հրճվանքի էքստազի մեջ է ընկնում մի նախկինի ցուցադրական առևանգմամբ»։

Լևոնի այս հարցադրումը լոկ հուզական պոռթկում չէր․ սա ազգային մակարդակով հանրային գիտակցության բարոյական կաթվածի ախտորոշումն էր։ 

Սեփական դահճի նկատմամբ այս իռացիոնալ սերն ու «նախկինների» ուրվականից ծնված մշտական վախը մարդկանց ստիպում են պատրաստակամորեն աչք փակել իրականության՝ տարածքային ու մարդկային ահռելի կորուստների վրա։

Ականատեսն ենք կոգնիտիվ դիսոնանսի դասական դրսևորոման․ հանրության համար հոգեբանորեն չափազանց դժվար է խոստովանել սեփական ճակատագրական սխալը։ 

Ընդունել, որ իրենց ընտրած ուժը երկիրը տանում է դեպի կործանում, կնշանակի ստանձնել պատասխանատվության սեփական բաժինը։ Հետևաբար, միանում է հոգեբանական ինքնապաշտպանական մեխանիզմը․ հասարակությունը հանդուրժում է իր կողքի աղքատությունն ու աստղաբաշխական պարգևավճարները, քանի դեռ իրեն հրամցվում է «հարուստների նվաստացման» «անհաց» տեսարանը։

Արդյո՞ք նման հասարակությունը դատապարտված է։

Պատմությունը ցույց է տալիս, որ համատարած էմոցիոնալ կուրությունը հավերժ տևել չի կարող։ Դա հիվանդություն է, որն ունի իր սուր փուլն ու ճգնաժամը։ Հասարակությունները դատապարտված են լինում այնքան ժամանակ, քանի դեռ իրականության դաժան հարվածները չեն գերազանցել քարոզչության ազդեցության ուժին։

Ցավոք, նման հոգեվիճակից արթնացումը սովորաբար լինում է շատ կտրուկ, ուշացած և անասելի ցավոտ․ երբ կորուստներն արդեն անդառնալի են, իսկ պետականությունը՝ պատմություն։

Հ․Գ․
Այնուամենայնիվ, ինչպես վկայում են մեր անցյալի էջերը, ամենամութ գիշերին միշտ հաջորդում է լուսաբացը։ Պատմության ընթացքը երբեք կանխորոշված չէ, քանի դեռ կա գիտակից, արժանապատիվ ու սեփական հողին կառչած քաղաքացին։ Մեր ժողովուրդը դարերի խորքից ապրել ու վերապրել է ավելի ծանր ճգնաժամեր, քանի որ ազգային ինքնապահպանման բնազդն արմատախիլ անելն անհնար է։

Հասարակությունները կործանվում են ոչ թե այն ժամանակ, երբ խավարն ահագնանում է, այլ երբ լռում են լույսը պահողները։ ՈՒստի կուրության այս թմբիրը ժամանակավոր է․ որքան էլ ցավոտ լինի արթնացումը, այն վերածննդի միակ նախապայմանն է։ Պետականությունն ու արժանապատվությունը հավերժական արժեքներ են, որոնք կրկին ոտքի կկանգնեն հենց այն պահին, երբ քարոզչական ծխածածկույթը ցրվի, իսկ հանրային միտքը, դառնալով սեփական տան տերը, վերագտնի իրական ուժն ու հավատը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ