Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան (տեսանյութ)
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն այսօր բեկանել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի 2025 թվականի դեկտեմբերի 30-ի որոշումը, որով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։
Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով։ Այս մասին հայտնեց Հակակոռուպցիոն դատարանից։
Նշենք, որ Դատախազությունը հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի պահանջով: Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և պաշտպանական կողմի բողոքները, որոշման հրապարակման օր էր սահմանվել հունվարի 16-ը:
Սամվել Կարապետյանի վերաբերյալ Սարգիս Պետրոսյանի կայացրած տնային կալանքի վերաբերյալ դատական ակտը բեկանել ու ազգային բարերարին կրկին ԱԱԾ մեկուսարան վերադարձնելու որոշում է կայացրել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը: Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում է 2025թ. սեպտեմբերի 7-ից:
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․
Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն. Կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը ՊԵՏՔ Է դատարան ներկայացվի համապատասխան խափանման միջոցի կիրառման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան ՀԻՆԳ ՕՐ առաջ: Այս կարգավորման պահանջով տնային կալանքի միջնորդությամբ էր հանդես եկել քննչականը: Դատախազ Ա. Դալլաքյանը հետ է վերցրել տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն Սամվել Կարապետյանի նկատմամբ: Սա օրենքի և իրավունքի խախտում չէ, սա բռնաբարության դեպք է: Առաջիկա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Նշենք, որ Սամվել Կարապետյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել կալանավայրում:
«...Կատարվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ` վարչապետի սադիզմի հերթական դրսևորումն ու մեր երկրում արդարադատության իսպառ բացակայության ապացույցը...», իր հայտարարությունում նշել է Հայ Ազգային Կոնգրեսը:


